Մայիսի 5-ի առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցները վերսկսել են անհնազանդության ակցիաներն ու երթերը։ Քաղաքացիները փողոցներ են փակել Դավթաշենում, Արաբկիրում և Նոր Նորքում։ Ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել մասնակիցներին։
Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր փողոցներ փակել են նաև աղբամաններով։
«Սա պայքար է հանունի», «սա անձերի պայքար չէ» վանկարկումներով ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում միանալ պայքարին։ Ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկել ակցիայի մի շարք մասնակիցների, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Դիմադրություն» շարժման անդամները Ֆրանսիայի հրապարակից սկսել են երթը։ Նրանք շարժվել են Մաշտոցի պողոտա, ապա՝ Կորյունի փողոց։ Երթն առաջնորդում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Աննա Գրիգորյանը։
Քաղաքացիները պատուհաններից ողջունել են երթի մասնակիցներին, իսկ մեքենայով անցնող վարորդներն ազդանշաններ տվել` այդկերպ աջակցելով շարժման մասնակիցներին, գրում է Sputnik Արմենիան։
Ոստիկանությունը հայտնել է, որ ժամը 10-ի դրությամբ մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:






