AM
6 Մայիս 2022 - 15:13 AMT

Վարչապետը կկարողանա համայնքապետի ԺՊ նշանակել ավագանու անդամին․ Օրենքը փոխվել է

Ազգային ժողովը մայիսի 6-ին գումարված արտահերթ հատուկ նիստում քննարկել և ընդունել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ՔՊ առաջարկած փոփոխությունը, որով վարչապետը կկարողանա համայնքապետի ԺՊ նշանակել ավագանու անդամին։

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահե Ղալումյանը և Վահագն Հովակիմյանը։

Գործող օրենքով արգելում էր համայնքի ավագանու անդամին միաժամանակ լինել համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարի պաշտոնակատար կամ վարչական ղեկավար։

Հովակիմյանը պարզաբանել է, որ 102-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսում է ֆորս-մաժորային իրավիճակ, երբ խոշորացված համայնքներում ինչ-ինչ պատճառներով համայնքի ղեկավար չի ընտրվում, ապա այս դեպքում հնարավորություն է ընձեռվում, որ վարչապետը կարողանա համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել` մինչև համայնքը կընտրի իր ղեկավարին:

Նախագծի ընդունմամբ օրենքի 102-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում համայնքի ղեկավարի պաշտոնակատար կարող է նշանակվել նաև տվյալ համայնքի ավագանու անդամը:

Հեղինակների առաջարկով և խորհրդարանի որոշմամբ` նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում:

Ավելի վաղ մեկ այլ փոփոխությամբ ՀՀ վարչապետին իրավունք է տրվել համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել այն դեպքում, եթե նորընտիր ավագանին համայնքի ղեկավարի ընտրություն չի իրականացնում օրենքով նախատեսված 20 օրում։