AM
11 Մայիս 2022 - 11:02 AMT

ԶԼՄ. Սյունիքի նախկին մարզպետի որդիները, չնայած հոգեբուժական խնդիրներին, չեն զրկվել վարորդականից

Ոստիկանության Գորիսի բաժնում պաշտոնական կեղծիք կամ անփութություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում։ Տվյալներ են ստացվել, որ Սյունիքում ճանաչված պաշտոնյաների, քրեական պատմություններով հայտնի անձինք, ունենալով հոգեբուժական և նարկոլոգիական խնդիրներին, վարորդական վկայականներ են ստացել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Շամշյանի տեղեկություններով՝ նրանց թվում են նաև Տիգրան և Տրդատ Խաչատրյանները՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ Սուրիկ Խաչատրյանի որդիները։

Նշվում է, որ ապրիլի 24-ին ոստիկանության Գորիսի բաժնի հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորը օպերատիվ տեղեկություններով պարզել է, որ Սյունիքի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Ռոբերտ Առուշանյանը, 45-ամյա Գեղամ Հախվերդյանը, 52-ամյա Գևորգ Միքայելյանը, 50-ամյա Արտեմ Դինունցը, 64-ամյա Սեյրան Խաչատրյանը, ովքեր հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, կասկածվում են անօրինական գործարք կատարելու մեջ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններիս գործողություններով խախտվել է ՀՀ կառավարության կողմից վարորդական վկայականներ ստանալու համար սահմանված կարգը։ Իսկ Երևանի բնակիչներ՝ 28-ամյա Տիգրան Խաչատրյանը, 26-ամյա Տրդատ Խաչատրյանը, Սյունիքի մարզի բնակիչներ՝ 46-ամյա Արսեն Դադալյանը, 25-ամյա Հրաչ Հայրապետյանը, 59-ամյա Սարգիս Քումունցը, 28-ամյա Էդուարդ Մաշուրյանը և 41-ամյա Մայիս Խաչատրյանը նույնպես հաշվառված են եղել «Սյունիքի մարզային նյարդաբուժական դիսպանսեր» ՓԲԸ-ում, սակայն հաշվառվելուց հետո չեն զրկվել վարորդական իրավունքի վկայականներից՝ այդկերպ խախտվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի պահանջները։

Նախաքննության ընթացքում պետք է պարզվի, թե ինչ հանգամանքներում են նշված անձինք ստացել վարորդական իրավունքի վկայականներ։