ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում` մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչություն հայտարարության մեջ։
Նշվում է, որ մայիսի 5-ին տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և պրոռեկտորներ Էլինա Ասրիյանի, Ռաֆայել Բարխուդարյանի և Միքայել Հովհաննիսյանի հանդիպումը ֆակուլտետների փոխդեկանների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կարգի նախատեսվող փոփոխությունները, ուսումնական գործընթացի կազմակերպման ընթացքը, ներկայացվել է ԵՊՀ բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքը:
Նշվում է նաև, որ փոխդեկանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրներն ու մտահոգությունները, իսկ պրոռեկտորները ներկայացրել են տարբեր ուղղություններով իրականացվող և իրականացվելիք բարեփոխումների ծրագրերը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանդիպմանը հաջորդել են ապատեղեկատվություն պարունակող մեդիա հրապարակումներ՝ 2022 թվականի մայիսի 10-ին ԵՊՀ բոլոր աշխատակիցներին տեղեկացում է ուղարկվել, որ ԵՊՀ դասախոսների կրճատումներ և հաստիքների վերացում չի նախատեսվում, և մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հայտնում ենք, որ նման հանդիպումները կազմակերպվում են պարբերաբար և ըստ անհրաժեշտության: Աշխատակիցներին խնդրել ենք չտրվել մեդիա-մանիպուլացիաներին, տեղեկատվության, իսկությունը ստուգել անմիջապես ԵՊՀ հանրային կապերի և մարքեթինգի վարչությունից»,-ասվում է հայտարարության մեջ։






