Մայիսի 12-ին ձերբակալվել է հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։
ՀՀ քննչական կոմիտեում ՔՕ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրգործ՝ ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքով։
Նշվում է, որ դրա վերաբերյալ մայիսի 9-ին լրատվականներից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար:
Գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ Ավետիք Չալաբյանը:
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






