AM
6 April 2009 - 14:00 AMT

Հայաստանում համահայկական թատերական նախագիծը մեկնարկում է «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացմամբ

Ազգությամբ հայ բելգիական դերասանուհի եւ դրամատուրգ Կարոլինա Սաֆարյանի «Հայկական փաստաթղթերը կամ առանց վերադարձի իրավունքի» պիեսը Երեւանում կներկայացվի ապրիլի 23, 25 եւ 26-ին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որը հանդիսանում է նաեւ ներկայացման ռեժիսորը, նախագիծըն իրականացվում է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ Համահայկական թատերական նախագծի շրջանակներում, որը մեկնարկում է «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացմամբ:

«Առանց վերադարձի իրավունքի» ներկայացման գլխավոր դերը կկատարի Արմեն Ջիգարխանյանը: Ներկայացման մեջ գործադրված են նաեւ արտասահմանում աշխատող այլ հայ դերասաններ` Նոռա Արմանին (Բրիտանիա), Ստեփան Գանթալյանը (Գերմանիա), Սամվել Մուժիկյանը (Ռուսաստան), Արմինե Հովհաննիսյանը (Բելառուս), Կառլեն Սաֆարյանը (Բելգիա): Պարերի բեմադրությամբ կզբաղվի Սվետլանա Երիցյանը (Վրաստան), երաժշտությունը կգրիր Վլադիմիր Ոսկանյանը (ԱՄՆ):

Պիեսը շոշափում է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության թեման: Գործողությունը տեղի է ունենում մեր ժամանակներում. հայը եւ թուրքը միեւնույն գնացքով են ուղեւորվում եւ բարձրացնում են 1915թ. Հայոց ցեղասպանության թեման, ընդ որում` այդ հայը գլխի չի ընկնում, որ զրուցակիցը թուրք է: Ներկայացումը կխաղան երկու լեզուներով` հայերեն եւ ռուսերեն:

«Հայկական փաստաթղթերը կամ առանց վերադարձի իրավունքի» գրքի շնորհանդեսը կայացավ 2008թ. հուլիսին Բրյուսելում: