«Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել՝ հորդորելով Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու մեղադրանքի իրական հանգամանքները:
Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։
Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել նրա բնակարանի խուզարկությունից հետո, իսկ բնակարանում որևէ հակաօրինական բան չի հայտնաբերվել:
«Վստահ ենք, որ կանխամտածված և սադրիչ գործողությունների հետևանք հանդիսացող այս քայլերը գործող իշխանության պատասխան արձագանքն է Ավետիք Չալաբյանի ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման: Պարոն Չալաբյանը պարբերաբար դեմ է արտահայտվել բանակի կանխամտածված ու հետևողական քայլերով հեղինակազրկմանն ու Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ներկայիս իշխանության դիրքորոշմանը։
«Արար» հիմնադրամը տարիներ շարունակ ջանքեր է ներդրել Հայաստանի և Արցախի զարգացման ու անվտանգության ամրապնդման համար, որում Ավետիք Չալաբյանի ներդրումն անուրանալի է: Ներկա իրավիճակում, երբ անվտանգության հարցերը ծայրահեղ կարևոր են, երկրի բարօրության ուղղությամբ ջանք չխնայող գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումներն ուղիղ կերպով նպաստում են Հայաստանի թշնամիների շահերին»,-ասվում է հայտարարության մեջ։
Մայիսի 9-ին լրատվականներից մեկում ձայնագրություն է հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Գործի նախաքննության ընթացքում վերոհիշյալ հանցավոր արարքը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ Ավետիք Չալաբյանը:






