AM
16 Մայիս 2022 - 12:29 AMT

Շտապօգնության բժիշկն ու վարորդը բռնության են ենթարկվել. Մասնագիտական պարտականություն էին կատարում

Երևանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա տեղեկացրել է, որ և բժիշկը, և վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ՝ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության։

Ըստ Shamshyan.com-ի, շտապօգնության թիվ 18 բրիգադը կանչով մեկնել է «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկը, որտեղ հիվանդի հարազատի կողմից բժիշկն ու վարորդը ծեծի են ենթարկվել։

Նշվում է, որ վերջիններս հարվածներ են ստացել մետաղե ձողով՝ գլխի և մեջքի հատվածներում։

Մուրադյանի գրառման մեջ ասվում է․ «Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին։ Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։

Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։

Չմոռանանք, որ արարքի պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում»։