Ուսումնական տարվա ավարտն ազդարարող «Վերջին դաս» միջոցառումը տեղի կունենա հունիսի 3-ին՝ 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և հունիսի 6-ին՝ 6-օրյայի դեպքում: Այդ մասին ևս մեկ անգամ ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Այս տարի 12-րդ դասարանը կավարտի մոտ 21,000, իսկ 9-րդ դասարանը` ավելի քան 34,500 շրջանավարտ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ 4-րդ դասարանցիների գիտելիքիների ստուգումը տեղի կունենա հունիսի 10-ին և 13-ին` «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաներից:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար «Ռուսաց լեզու» և ազգային փոքրամասնությունների համար «Մայրենի լեզու» առարկաների քննությունները կկազմակերպվեն քննաշրջանի ընթացքում:
9-րդ դասարանի շրջանավարտները կհանձնեն երկու ավարտական կենտրոնացված քննություն` «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից: Դրանք կկազմակերպվեն Գնահատաման և թեստավորման կենտրոնի կողմից: Հայոց լեզվի քննությունը տեղի կունենա հունիսի 28-ին, մաթեմատիկայի քննությունը` հունիսի 30-ին:
Մնացած առարկաների քննությունները կկազմակերպվեն դպրոցներում:
12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝ «Հայոց լեզու» (գրավոր՝ 08.06.2022 թ.), «Հայոց պատմություն» (գրավոր՝ 15.06.2022 թ.), «Մաթեմատիկա» (գրավոր՝ 22.06.2022 թ.), ինչպես նաև` «Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար և «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար` քննաշրջանի ընթացքում:
Միասնական քննությունների օրերը կհրապարակվեն առաջիկայում:






