Ապրիլի 10-ին «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» «Ազգակիցների ակումբում» նախագծի շրջանակներում «Կանադայի գործադիր ծառայությունների կազմակերպության» (CESO) փորձագետներ Դոննա Դենամի եւ Ջոան Ջիլեպսիի հետ հանդիպում կկազմակերպի:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը, նախագծի նպատակը հասարակական ու քաղաքական ոլորտներում հաջողակ կանանց փորձի փոխանակումն է: Հաջողության հասած կանայք ակումբի հյուրերին կներկայացնեն իրենց փորձը, իրենց հաջողության բանաձեւը, կպատասխանեն հարցերին եւ խորհուրդ կտան, թե ինչպես կարելի է մեծացնել կանանց դերը Հայաստանի հասարակական կյանքում»:
CESO հանդիսանում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» մշտական գործընկերը: «Համատեղ նախագծերի շրջանակներում երկու կազմակերպություններ բացել են կարի արհեստանոցներ, որտեղ աշխատում են Եվրոպայում ու Ամերիկայում տարածված կարի մեթոդով: Հայաստանում այդ մեթոդն առաջին անգամ է կիրառվում»,- նշել է Լիլիթ Ասատրյանը: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան» համագործակցում եւ ծրագրեր է իրականացնում նաեւ «Կանադայի միջազգային զարգացման գործակալության» հետ: