AM
19 May 2022 - 06:46 AMT

Միրզոյան․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գծով առաջին հանդիպումը չի կայացել՝ կան որոշ տեխնիկական մանրամասներ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստին ընդառաջ, պատասխանելով լրագրողների հարցերին, հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ մայիսի 16-17-ին նախատեսված առաջին հանդիպումը չի կայացել։

«Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա»,-ասել է Միրզոյանը:

Մայիսի 12-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը վերջինիս տեղեկացրել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը նախատեսված է անցկացնել Մոսկվայում` մայիսի 16-17-ին։