AM
19 Մայիս 2022 - 07:34 AMT

ՔԿ․ Գարիկ Գալեյանը չհեռանալու ստորագրությամբ ազատ է արձակվել

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը, ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ հորեղբայրը` Արթուր Գալեյանը, ձերբակալվել է։

Գարիկ Գալեյանի նկատմամբ, որը մեղադրվում է զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու մեջ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Այդ մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 2022-ի մայիսի 18-ին ՀՀ ՔՕ 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել Գարիկ Գալեյանին։ Նա 130-րդ հոդվածով սահմանված կարգով քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել էր։

Նշվում է, որ նկատի ունենալով, որ «Գարիկ Գալեյանի կնոջ՝ Ա.Գալեյանի մոտ հաստատվել է 29-30 շաբաթական հղիություն, ինչպես նաև Գարիկ Գալեյանի մոտ մոտ 6 շաբաթ առաջ կատարվել է սրտի ստենտավորում, վերջինս մայիսի 18-ին ընդունվել է ստացիոնար բուժման «Աստղիկ» ԲԿ-ի սրտաբանական բաժանմունք, որոշում է կայացվել Գարիկ Գալեյանին ազատ արձակել արգելանքից՝ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Մայիսի 18-ին վարույթն իրականացնող մարմինը որոշել էր՝ Արթուր Գալեյանին ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով ձերբակալվել է և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Նախաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը տեղեկացրել էր, որ միջնորդություն է ներկայացվել 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։

44–օրյա պատերազմում զոհվածների ծնողները հավաքվել էին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ և պահանջում էին անհապաղ ազատ արձակել Գարիկ Գալեյանին։