Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնվում է օրենքում գործածվող «Պաշտոնատար անձ» հասկացությունը։
Նախատեսվում է բացի պաշտոնյաներից այդ հասկացության տակ ներառել նաև նրանց, ովքեր ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն։
Առաջարկվել է նաև, որ վարույթ իրականացնող մարմինը հնարավորություն ունենա պահանջելու պատասխանողից գույքի ձեռքբերման արժեքը, իսկ եթե գույքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, պատասխանատուից պահանջել այդ գույքի ձեռքբերման պայմանագրային արժեքը:
Նախագծով փոփոխվում է նաև գործերի ուսումնասիրության ժամկետը՝ 2 տարվա փոխարեն սահմանվելով 3 տարի։ Այդ փոփոխությունը տարածվելու է նաև չավարտված ուսումնասիրությունների վրա:
Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրառման արդյունքում այս պահին վարույթում չավարտված մոտ 300 և ավարտված 20 ուսումնասիրություն կան: 20-ից 8-ի դեպքում դատարան են ներկայացվել հայցադիմումներ և դատարանի կողմից ընդունվել են վարույթներ: Նիստերը լինելու են հրապարակային:
Մոտակա 2-3 ամիսների ընթացքում 20-ից ավելի հայցադիմում ևս պետք է մուտք արվի դատարան: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում հաշտության համաձայնությունների շուրջ, մոտ ապագայում հաշտության բանակցությունների թիվը կաճի:






