AM
23 Մայիս 2022 - 08:13 AMT

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում վերականգնման աշխատանքները շուրջօրյա կիրականացվեն

Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում վերականգնման աշխատանքները շուրջօրյա կիրականացվեն։ Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, դիմելով իր տեղակալ Կամո Արեյանին, ասել է, որ երեկոյան 22:00-ին մոտ այնտեղ տեխնիկա չի աշխատել։

Արեյանն ասել է, որ եռահերթ աշխատանք կսահմանվի առաջիկա օրերին՝ ամրացման տեխնոլոգիան վերջնականապես որոշելուց հետո, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ճանապարհը պետք է վերակառուցվի փլվածքի ամբողջ երկայնքով, իրականացվեն ամրացման աշխատանքներ։ Պետք է վերականգնվեն նաև գործող ստորգետնյա կոմունիկացիաները։ Հեղեղատար համակարգն ամբողջությամբ կվերակառուցվի, այդ թվում` ոռոգման խողովակը, որը երեկ նկատել ենք»,– ասել է Արեյանը`հավելելով, որ գազատարին ձեռք չեն տվել, քանի որ առայժմ դրա անհրաժեշտությունը չկա։

«Երևան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Սամվել Մելքոնյանը հայտնել է, որ 200 գծամետր խողովակաշար է վնասվել։

Ջրագծի վերականգնման շուրջ կառուցապատողի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում, Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է մայիսի 20-ին, ժամը 06:55-ին։