Ոստիկանությունը տարածել է հայտարարություն՝ կոչ անելով ձեռնպահ մնալ մետրոյի աշխատանքը խափանելու փորձերից։
«Վերջին օրերին հաճախակի են դարձել ցուցարարների կողմից մետրոպոլիտենի աշխատանքը խոչընդոտելու փորձերը: Այդպիսի գործողությունները ոչ միայն խախտում են այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը, այլև վտանգ են ստեղծում մետրոպոլիտենի աշխատանքի համար:
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ մետրոպոլիտենի, ինչպես նաև հատուկ կարևորագույն հաստատությունների աշխատանքը խափանելու փորձերից»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ոստիկանությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի նման գործողությունները կասեցնելու ուղղությամբ։
Երևանում ընթացող անհնազանդության ակցիաների մասնակիցները որոշ դեպքերում ակցիաներ են իրականացնում նաև մետրոյում, նստում են գնացքի դռների միջև և այդպիսով կաթվածահար անում մետրոպոլիտենի երթևեկությունը։






