ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ մայիսի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ։
Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Մայիսի 25-ին Ազգային ժողովուր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ թեև ուկրաինական պատերազմի պատճառով համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան, այնուամենյանիվ, ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայցև այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,-ասել է նա։






