AM
27 Մայիս 2022 - 11:07 AMT

ԱԺ նախագահի մեքենային ուղեկցող Toyota-ներ գնելու որոշումը կկասեցվի

Իշխանությունը հրաժարվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող BMW 750Li ծառայողական ավտոմեքենային ուղեկցող Toyota RAV 4 մոդելի երեք ամենագնաց գնելու որոշումից։ Տեղեկությունը հաստատել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը` նշելով, որ որոշվել է ձեռնպահ մնալ նման քայլից, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս պահին նման գնումը նպատակահարմար չէ»,- ասել է նա։

Քանի որ գնման գործընթացը հաստատվել է կառավարության որոշմամբ, Խաչատրյանը հայտնել է, որ այն նույն ընթացակարգով էլ կասեցվելու է։

«Ոչ թե չեղարկվելու է, այլ կասեցվելու է»,- ասել է ԱԺ նախագահի խոսնակը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծառայողական ավտոմեքենան ուղեկցելու համար 3 նոր մեքենա գնելու որոշումն ընդունվել էր կառավարության ապրիլի 7-ի նիստում` առանց քննարկման ու զեկուցման։ Կառավարությունը մեքենաները գնելու համար 54 մլն դրամ էր հատկացրել։

Որոշմամբ թույլատրվել է նաև գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Տոյոտա Երևան» ընկերությունից, առանց մրցույթի։ Նախագծում նշվում էր, որ ընկերությունը զեղչեր է առաջարկել, ինչի համար էլ հենց այդ ընկերությունից է որոշվել ձեռք բերել մեքենաները։

Ավելի վաղ կառավարությունը 90 մլն դրամ է հատկացրել ԱԺ նախագահին նոր մեքենա գնելու համար. Սիմոնյանի համար ձեռք է բերվել նոր` «BMW 750 xDrive LCi» մակնիշի ավտոմեքենա։