AM
27 Մայիս 2022 - 13:19 AMT

Օսկանյանին 44-օրյայի քննիչ հանձնաժողով հրավիրելու ծանուցում է ուղարկվել, Լիպարիտյանը ևս ցանկում է

44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել է հունիսի ընթացքում հանձնաժողով հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին և ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին: Այդ տեղեկությունը հաստատել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հայտնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ հրավերը Վարդան Օսկանյանին արդեն ուղարկվել է, հանձնաժողովը ճշտում է Լիպարիտյանի հասցեն, որպեսզի նրան ևս հրավեր ուղարկի:

Լրատվամիջոցը փորձել է մեկնաբանություն ստանալ Վարդան Օսկանյանից՝ արդյո՞ք ներկայանալու է հանձնաժողով, սակայն, նա հեռախոսազանգերին չի պատասխանել։

Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչ հանձնաժողովը որոշել է պատերազմի հանգամանքները երկու փուլով ուսումնասիրել՝ անդրադառնալով նախ բանակցային, ապա՝ ռազմական գործողությունների ընթացքին: