«Դիմադրություն» շարժման կողմնակիցները կեսօրին փակել էին Սոթք-Քարվաճառ միջպետական ճանապարհը։ Այդ մասին հայտնել է ակցիայի մասնակիցներից մեկը` նշելով, որ այն բավական բազմամարդ է եղել, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը նախկին Գեղամասար համայնքի բնակիչներն էին (խոշորացումից հետո Գեղամասարը մտել է Վարդենիս համայնքի մեջ)։ Մասնակցում էր նաև Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներից պահանջել է բացել միջպետական ճանապարհը։ Հակոբ Ավետյանն ասել է, որ իրենք իրենց պահանջների կատարման համար խաղաղ ակցիա են իրականացնում։ Կարճ ժամանակ անց ոստիկանները բերման են ենթարկել Գեղամասարի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանին և Վարդենիսի «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանին։
Ընդդիմության կողմնակիցները փակել էին նաև Երևան-Սևան ճանապարհը, որտեղ լարված իրավիճակ էր ստեղծվել։
Մայիսի 26-ին հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ մայիսի 27-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները նաև մարզերում, իսկ հանրահավաք չի լինի։ Մեծ հանրահավաք են նախատեսում մայիսի 28-ին։






