Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը:
ՌԴ նախագահի ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովային, ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առիթով: Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների: Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ»:
Միշուստինը ՌԴ կառավարության և անձամբ իր անունից է շնորհավորել Փաշինյանին:
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել Ձեր նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ համագործակցության զարգացման գործում՝ հիմնված բարեկամության, գործընկերության և դաշնակցության վրա:
Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով: Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին»,-ասվում է ուղերձում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձավ 47 տարեկան։ Նա ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին։






