Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ձեռնպահ մնալ այն օրենսդրական փոփոխությունների վավերացումից, որոնք թույլ են տալիս պետական մարմիններին կասեցնել լրագրողների հավատարմագրումը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հայաստանի խորհրդարանը մայիսի 25-ին հավանություն է տվել զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքում փոփոխություններին, որի համաձայն՝ պետական մարմինները կկարողանան դադարեցնել լրագրողների հավատարմագրումը, մինչդեռ նախկինում միայն լրատվամիջոցները կարող էին չեղարկել իրենց լրագրողների հավատարմագրումը պետական գերատեսչություններում:
CPJ-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը մտավախություն է հայտնել, որ իշխանությունները կարող են օգտագործել փոփոխությունները՝ արգելելու քննադատող լրագրողներին լուսաբանել խորհրդարանի նիստերը և կառավարության այլ իրադարձությունները: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո:
CPJ-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Գյուլնոզա Սայիդն ասել է․ «Լրագրողների հավատարմագրման կանոնակարգում կատարված վերջին փոփոխությունները մամուլի օրենսդրության միջազգային չափանիշներից Հայաստանի շեղվելու ամենաթարմ օրինակն են։ Հաշվի առնելով երկրի խիստ բևեռացված քաղաքականությունը և ընտրովի կիրառման ներուժը՝ այս փոփոխությունները մտահոգիչ են։
Մենք կոչ ենք անում նախագահ Խաչատուրյանին ձեռնպահ մնալ փոփոխությունները վավերացնելուց և կոչ ենք անում իշխանություններին աշխատել մամուլի ազատության տեղական կազմակերպությունների հետ՝ բարեփոխելու լրատվամիջոցների վերաբերյալ վերջին սահմանափակող օրենքները»։
CPJ-ն էլեկտրոնային փոստով դիմել է Հայաստանի խորհրդարանին, նախագահի գրասենյակին և վարչապետի գրասենյակին՝ մեկնաբանությունների համար, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Օրինագծի հեղինակները՝ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու պատգամավորներ, չեն ընդունում, որ փոփոխությունները սահմանափակում են մամուլի ազատությունը: Նրանք խորհրդարանում հայտարարել են, որ միայն կոնկրետ լրագրողի հավատարմագրումը կարող է չեղարկվել, այլ ոչ թե լրատվամիջոցինն ամբողջությամբ։ Նաև, պատգամավորների պնդմամբ, լրատվամիջոցները կկարողանան փոխարինել ցանկացած լրագրողի, որի հավատարմագրումը դադարեցվել է:






