AM
2 Հունիս 2022 - 07:41 AMT

ՀՀ ոստիկանությունը՝ Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում. 11 մլրդ դրամով ավելի եկամուտ են հավաքագրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ Հայաստանի ոստիկանությունը հայտնվել է Հաշվեքննիչ պալատի տեսադաշտում` Պալատը 2022-ի փետրվարի 14-ից մինչև ապրիլի 30-ը հաշվեքննություն է իրականացրել կառույցում և որոշ անհամապատասխանություններ հայտնաբերել:

Նշվում է, որ ՀՀ ոստիկանության կողմից հավաքագրվել է 11 մլրդ 548 մլն դրամով ավելի եկամուտ:

Եկամտի ավելացումը պայմանավորված է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ու անձնագրերի և վիզաների վարչության կողմից մատուցված ծառայություններից ու երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գերակատարումներով, նաև՝ պետական պահպանություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հավաքագրված եկամուտով: Պարզվել է նաև, որ ոստիկանության Երևանի վարչության ստորաբաժանման ընտրված աշխատողներին վճարվել է նախատեսվածից ավել աշխատավարձ:

Ըստ Պալատի՝ «Լոկատոր» ՓԲԸ-ի կողմից մատուցվել են չպատվիրված ծառայություններ, իսկ ոստիկանությունը դրանց դիմաց կատարել է վճարում: