ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շարժումը մոտենում է կարևոր հանգրվանի։
Նշելով, որ հունիսի 3-ը շատ կարևոր օր է՝ Սաղաթելյանը հավելել է, որ այդ օրը՝ ժամը 16։00-ին, կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ՝ աջակցել ընդդիմադիր պատգամավորներին, և ապա, կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել հետագա անելիքները։
«Խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ ՀՀ ազգային Ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, օրվա իշխանությունը մերժում է ազգային և պետական շահերին առնչվող կարևորագույն հարցերի վերաբերյալ կարմիր գծեր սահմանելը և դրանով իսկ մեկ անգամ ևս փաստում, որ իրենք կապ չունեն մեր պետության և ժողովրդի հետ։
Վաղը՝ ժամը 16։00-ին խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։
Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։
Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:
Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։
Հունիսի 3-ին ՝ ժամը 16։00-ին, կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ընդդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները։
Ուստի, սիրելի հայրենակիցներ, պատրաստվում ենք վաղվա օրվան։ Մենք ճիշտ ընթացքի մեջ ենք։ Պայքարը պետք է հասցնել հաղթական ավարտին։ Կհանդիպենք վաղը՝ 16։00-ին, Ֆրանսիայի հրապարակում»,-ասվում է հայտարարության մեջ։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ։ Ընդդիմադիրները պահանջում են, որ ԱԺ-ն հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ, որի տեքստը հրապարակվել է։
«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։






