AM
2 Հունիս 2022 - 12:38 AMT

ՀՀ ՄԻՊ․ Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր համար ամենակարևոր սկզբունքը Արցախում բնակվողների բոլոր իրավունքների երաշխավորման իրացման համար անհրաժեշտ բավարար պայմանների առկայությունն է:

Նա ասել է, թե այս պահին չեն կարող խոսել Արցախում մարդու իրավունքների պաշտպանված լինելու մասին, որովհետև Արցախում մարդիկ չունեն անվտանգության զգացողություն, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ մարդիկ շատ ագրեսիվ քաղաքականության հետևանքով ստիպված են եղել լքել իրենց հայրենի տունը ու չեն կարողանում օգտվել սեփականության իրենց իրավունքից, չեն կարողանում իրացնել իրենց կրթության իրավունքը:

«Ամենակարևորն անձանց անվտանգ միջավայրում ապրելու, կյանքի իրավունքի, երեխաների կամ անձանց կրթության իրավունքի, սոցիալական ապահովության իրավունքի, սեփականության իրավունքի, այդ թվում ինքնորոշման իրավունքի համար բավարար պայմաններ ապահովող լուծումների հասնելն է։ Սա է իմ ամենակարևոր մոտեցումը»,-ասել է նա։