AM
2 June 2022 - 13:06 AMT

ՀՀ-ն կբացառի ամերիկյան կողմին ախտածինների նմուշների փոխանցումը․ Համաձայնագիրը կփոփոխվի

Հայաստանը կենսաբանական նմուշներ չի տրամադրի ԱՄՆ-ին՝ փոփոխություն է նախատեսվում 2010-ին ստորագրված համաձայնագրի կետերից մեկում։ Կառավարությունը հավանություն է տվել արտակարգ իրավիճակների նախարարության առաջարկին։

Առաջարկվող փոփոխությամբ կբացառվի ամերիկյան կողմին պահանջված վտանգավոր ախտածինների նմուշները փոխանցելու վերաբերյալ բաղադրիչը:

Առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ ԱԻՆ-ի ու ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի միջև ստորագրված «Կենսաբանական զենքերի ստեղծման համար օգտագործելի տեխնոլոգիայի, ախտածինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրում։

Համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտին փոխանցել պահանջված վտանգավոր ախտածինների նմուշներ, որոնք հավաքվել են ՀՀ-ում պրոֆիլակտիկ, պաշտպանական կամ այլ խաղաղ նպատակներով, ինչպես նաև նաև համաճարակաբանական տվյալներ:

Հայաստանն առաջիկայում նախատեսում է ՀՀ կենսանվտանգության և կենսապահովման ոլորտը կարգավորող համապարփակ օրենք ընդունել, որով ամրագրվելու է, որ ՀՀ-ն որևէ պետության պարտավոր չէ ախտածինների նմուշներ տրամադրել։