ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ, «Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը ֆեսյբուքյան իր էջում հայտնել է, որ 15 կուսակցություն զորակցություն է հայտնել «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության սկզբունքներին և դրանք գնահատում է կենսական հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում։
«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հայտարարության վերաբերյալ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերս,
Հաստատելով, որ.
• գործող իշխանությունների կողմից երկրում որդեգրված հակասահմանադրական ընթացքը փաստացի մենիշխանության է տարել երկիրը,
• խորհրդարանական պետության ներկայացուցչական բարձրագույն մարմնում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, երկրի համար օրհասական այս իրավիճակում, քաղաքական մեծամասնության կողմից մերժվում են ազգային-պետական շահերին առնչվող կարևորագույն քննարկումներն ու որոշումների կայացումը,
• գնալով խորանում են Հայաստանի պետականությանն ու ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքները, անտեսվում են Հայ ժողովրդի կենսական շահերը՝ երկիրը կանգնեցնելով պետականության կազմաքանդման շեմին,
կենսական անհրաժեշտություն ենք համարում «Հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» ԱԺ հայտարարության ընդունումը:
Զորակցում ենք հայտարարության մեջ արտացոլված սկզբունքներին և դրանք գնահատում կենսական Հայ ժողովրդի և Հայոց պետականության լինելիության հարցում:
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական միավորումներին ու անհատներին համախմբվել սույն հայտարարության սկզբունքների և Հայ ժողովրդի ազգային պետական շահերն արտացոլող օրակարգերի շուրջ:
Հայտարարությունը բաց է միանալու համար»,-ասվում է գրառման մեջ։
Հայտարարությանը միացել են հետևյալ կուսակցությունները՝ «5165 շարժում» «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային համաձայնություն», ԱԻՄ կուսակցություն, «Երկիր Ծիրանի», «Զարթոնք», «Ժառանգություն», «Ինտելեկտուալ Հայաստան», «Համերաշխություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», Ռեֆորմիստների կուսակցություն, «Սահմանադրական իրավունք միություն»։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ։ Ընդդիմադիրները պահանջում են, որ ԱԺ-ն հանդես գա հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված հստակ հայտարարությամբ, որի տեքստը հրապարակվել է։ Նիստը կայանալու է հունիսի 3-ին։






