Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ սահմանագծման և սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների հաջորդ հանդիպման օրն ու ժամը դեռ հայտնի չէ, իսկ օրակարգում, բնականաբար, սահմանագծման ու սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերն են լինելու։
Դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված հայկական կողմի ձևավորած հանձնաժողովում քարտեզագետների, պատմաբանների ու կարևոր այլ մասնագետների բացակայությունը, ինչու ընդդիմադիր թևից ևս ընդգրկված չեն մասնագետներ, և, ի վերջո, ինչու է հայկական կողմը երկու անգամ փոքր թվաքանակով ներկայացված, Գրիգորյանը պատասխանել է, որ ՔՊ-ն մանդատ ունի միայնակ վարելու սահմանազատման գործընթացը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
«Թվաքանակը որևէ նշանակություն չունի, քանի որ բոլոր հարցերի շուրջ՝ նախքան բանակցությունները, աշխատանքային խումբը քննարկումներ է ունենում նախարարություններում։ Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրներից ներկայացված չլինելուն, ապա տրամաբանական է․ Գործադիրում նրանք ներկայացված չեն, Աժ-ում էլ մեր թիմը՝ Քաղաքացիական պայմանագիրը, մոտ 66 տոկոս ներկայացվածություն ունի, հետևաբար մանդատ ունի միայնակ վարելու այդ գործընթացը»։
Բրյուսելյան հանդիպումն ու Շառլ Միշելի կողմից հնչեցված հայտարարությունը, Գրիգորյանի գնահատմամբ, համապատասխանում է ընթացող գործընթացին։
Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը բանակցություններին չհամապատասխանող հայտարարություններ է անում։
«Մայիսի 22-ի հանդիպումից հետո ևս մենք աշխատում ենք Բրյուսելի հետ և բոլոր այն հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում այն օրակարգին, որը քննարկվել է Բրյուսելում, մեր գործընկերերի հետ քննարկում և բարձրացնում ենք։ Բանակցությունները տեղի են ունեցել Բրյուսելում և այնտեղից եղել է արձագանք, որ միջանցքային տրամաբանությամբ որևէ քննարկում չի եղել»,-ասել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը համաձայնել է, որ սահմանին մշտապես պահպանվող լարվածությունն ու պարբերաբար տեղի ունեցող միջադեպերը բացասաբար են ազդում սահմանագծման ու սահմանազատման գործընթացին։ Վերջինս ընդգծել է, որ հենց դրա համար են առաջարկել նախքան գործընթացի մեկնարկը հայելային տարբերակով հետ քաշել զորքերը։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է բխի արցախահայության իրավունքներից և անվտանգությունից։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։






