Վարչապետի աշխատակազմն այս տարի իր առջև ավտոպարկի օպտիմալացման խնդիր է դրել: Այդ մասին «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը խոսել է էլեկտրամոբիլների անցնելու առավելության մասին:
«Հաշվի առնելով ներկայիս միտումները` կապված վառելիքի գնի շարունակական աճի հետ, ստացվում է` հիմնական ծախսը ոչ թե մեքենան է լինում, այլ դրա պահպանությունը։ Կարծում եմ` կառավարությունն ու բոլոր գերատեսչությունները ժամանակի ընթացքում պետք է անցնեն էլեկտրամոբիլների», – ասել է Պապոյանը, տեղեկացնում է Aysor.am-ը:
«Իհարկե, միջոցներ պետք է ձեռնարկել ոչ միայն կրճատելու, այլ հնարավոր օպտիմալ տարբերակներ ընտրելու: Կառավարությունում ոչ պաշտոնապես, բայց կուլիսներում և բյուջետային քննարկումների ժամանակ, երեկ էլ մեր գործընկերների հետ քննարկելիս, երբ մեքենաների հայտեր էին ներկայացրել, քննարկում էինք էլեկտրական մեքենաների տարբերակը, որը սպասարկման առումով բավական մատչելի է։ Բոլոր նրանք, ովքեր ունեն նման մեքենաներ, դա կփաստեն», – արձագանքել է Հարությունյանը:
Նրա խոսքով՝ կառավարությունն ամեն կերպ ողջունում է նման մեքենաների օգտագործումը և դա է պատճառը, որ էլեկտրամոբիլների ներմուծման դեպքում մաքսատուրքեր չեն գանձվում:
Հարությունյանի խոսքով` ավտոպարկում առկա մոտ 900 մեքենաների ծանրակշիռ մասը հնամաշ է, ենթակա է փոփոխության:
«Այս տրամաբանության մեջ մեզ ոչ միայն օպտիմալացում է պետք, այլ հնարավոր փոփոխությունների դեպքում այնպիսի տարբերակներ գտնենք, որոնք թույլ կտան մեզ լուրջ խնայողություններ անել», – հավելել է նա:
2022-ի հունվարի 1-ից Հայաստան ներմուծված առաջին 6400 էլեկտրական շարժիչով մեքենաները կազատվեն մաքսատուրքից։ Գործադիրը որոշում է ընդունել սակագնային արտոնություն կիրառելու մասին:






