Հայաստանի դպրոցներում այսօր կհնչի Վերջին զանգը։ Վերջին դասին կմասնակցի 20 հազար 12-րդ դասարանի շրջանավարտ, ինչպես նաև 34,000 9-րդ դասարանցի։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վերջին դասի առիթով հղած իր ուղերձում նշել է, որ հավատում է՝ յուրաքանչյուր մարդ առաքելություն ունի այս կյանքում, որի ետևից պետք է գնա։
«Ձեզնից յուրաքանչյուրն առաքելություն ունի այս կյանքում, և մասնագիտության ճիշտ ընտրությունը, հոգով և սրտով ընտրությունը առաքելությունը գտնելու գործընթաց է, որը թերևս ամենակարևոր որոշումն է, որ պիտի կայացնեք առաջիկայում:
Չեմ ուզում, որ գնաք երբեմն ոչինչ չտվող դիպլոմների ետևից, ուզում եմ գնաք առաքելության ետևից, լինի դա ուսուցչի, գիտնականի, բժշկի, զինվորականի, գործարարի, արվեստագետի, ինժեների, ոստիկանի, դատավորի, խոհարարի, շինարարի, փականագործի, զոդողի, մատուցողի, ֆերմերի, հյուսնի առաքելություն: Ուզում եմ հավատաք աշխարհը դեպի լավը փոխելու, մեր հայրենիքը դեպի լավը փոխելու ձեր առաքելությանը, ուզում եմ հավատաք նաև քաղաքացիական ձեր առաքելությանը, որովհետև շատ շուտով արդեն երկրի ապագայի մասին որոշումներ կայացնելու հնարավորություն եք ունենալու՝ որպես ընտրող: Ես հավատում եմ ձեզ և ուզում եմ, որ դուք էլ լիարժեք հավատաք ձեզ ու ձեր ապագային: Ցանկացած պարագայում այդ ապագայի երաշխիքը իմացությունն է, գիտելիքը, հմտությունը:
Հարգարժան ուսուցիչներ, շնորհավորում եմ նաև ձեզ, և գիտեմ, որ այսօր ձեզնից և ձեր աշակերտներից շատերի աչքերին արցունքներ են հայտնվելու: Այդ զգացմունքներից անդին պատասխանատվությունն է, մեր ու ձեր համատեղ պատասխանատվությունն այսօր դպրոցից հեռացող աշակերտների հետագա ճակատագրի համար: Մեր հայրենիքը անցնում է դժվար ժամանակներով, և ուզում եմ վերահաստատել, որ բոլոր այն խնդիրները, որ մենք ունենք, դրանց լուծումը նախ կրթության ոլորտում պիտի փնտրենք և գտնենք, որովհետև այդ բոլոր, առանց բացառության բոլոր պրոբլեմները սաղմնավորվել են հենց նախնական դպրոցական կամ հանրակրթության մակարդակում, երբեմն ու հաճախ բառիս բուն իմաստով դրանց բացակայության կամ կիսակատարության հետևանքով: Այսօր մեր կառավարությունը լայնամասշտաբ բարեփոխումներ է իրականացնում հանրակրթության ոլորտում: Այդ բարեփոխումների առանցքում որակյալ կրթության հասանելիությունն է և ուսուցչի դերի բացառիկության ընդգծումը՝ սրանից բխող բոլոր հետևանքներով և արդյունքներով: Կառավարության երեկվա նիստում հայտարարեցի, որ կրթության ոլորտի որակյալ բարեփոխումը մեր ամենակարևոր անելիքն է, և մենք ավելի կարևոր ոչինչ չունենք անելու: Սրանում ոչ մի չափազանցություն չկա:
«Այսօր վերջին դասն է դպրոցում, բայց կյանքն ամեն օր մեզ դասեր է տալիս, և մեզ բոլորիս բարձր առաջադիմություն եմ մաղթում այդ ցկյանս ուսումնառության ընթացքում՝ հանուն մեր հայրենիքի, հանուն մեր սերունդների, հանուն մեր նահատակների»,-ասվում է վարչապետի ուղերձում:






