AM
3 June 2022 - 09:04 AMT

ՀՀ-ում է Հունաստանի ՊՆ պատվիրակությունը․ Քննարկվել են ռազմատեխնիկական գործակցության հնարավորությունները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ընդունելով Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Նիկոս Խարդալիասի գլխավորած պատվիրակությանը, բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում հայ-հունական համագործակցության ներկա մակարդակը և կարևորել հատկապես ռազմատեխնիկական ուղղությամբ փոխգործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Խարդալիասը հաստատել է գործակցությունը զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը և նշել, որ երկու երկրի միջև առկա ջերմ, բարեկամական հարաբերությունները պարտավորեցնում են առավել խորացնել փոխգործակցությունը` առկա մարտահրավերներին դիմակայելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները:

Նույն օրը Հունաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության զարգացման հնարավորությունները: