FlyOne Armenia ավիաընկերությունը համալրել է իր ավիապարկը` գնելով Airbus a319 տիպի երրորդ օդանավը, և մտադիր է թռիչքներ իրականացնել դեպի Մերձավոր Արևելք: Այդ մասին հայտարարել է FlyOne Armenia ավիաընկերության վարչության նախագահ Արամ Անանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նախատեսվում են թռիչքներ Թեհրան և Բեյրութ, ինչպես նաև չարտերային չվերթեր մի շարք ուղղություններով:
«Օդանավը 144 տեղանի է, այն մեզ թույլ կտա ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը, բացել նոր ուղղություններ, ավելացնել թռիչքների հաճախականությունը, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը»,- ասել է Անանյանը:
Ավիաընկերությունը հիմնադրվել է 2021-ին։ Ներկայումս FlyOne Armenia-ն թռիչքներ է իրականացնում դեպի Մոսկվա, Սոչի, Թբիլիսի, Ստամբուլ, իսկ հունիսի 17-ից թռիչքներ կիրականացնի դեպի Փարիզ և Լիոն: