AM
8 Հունիս 2022 - 12:56 AMT

Պաշտպաններ․ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվի նրա մահվան հիմքով քրհետապնդման դադարեցմանը

ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ` մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում։ Այդ մասին ասվում է փաստաբաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարության մեջ։

«Արամ Սիմոնյանի հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալ 2018 թվականից հետո, ցավոք սակայն, այնպիսի հանգամանքներում, որոնք չպետք է առնչություն ունենային նրա կարգի մարդուն։ Քրեական գործ, մեղադրանք, խափանման միջոց հասկացություններն ու Արամ Սիմոնյանի անձը պարզապես անհամատեղելի էին։ Անհնար էր նրա հետ անգամ քննարկել իրեն առաջադրված մեղադրանքը, ամոթ էր պարզապես։ Համապատասխան արժեքներով ապրող ու դրանց հավատացող մարդ լինելով, Արամ Սիմոնյանն այդպես էլ հրաժարվեց հասկանալ, որ մարդուն կարելի է հանիրավի մեղադրել, կարելի է պատվերով քննություն նախաձեռնել, պարզել, որ քննելու որևէ բան անգամ գոյություն չունի, բայց շարունակել հետապնդումները։

Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ Արամ Սիմոնյանի հարազատները չեն համաձայնվելու նրա մահվան հիմքով քրեական հետապնդման դադարեցմանը, պայքարը շարունակվելու է մինչև վերջ, մինչև Արամ Սիմոնյանի անմեղությունը հաստատող ակտի կայացում»,- ասվում է հայտարարության մեջ։

Հունիսի 8-ին 67 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊՀ նախկին ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:

Արամ Սիմոնյանը 2006-2019 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր, հիմնել և որպես տնօրեն ղեկավարել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը:

Նա արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, մի շարք պարգևների, որոնց թվում՝ «Մովսես Խորենացի» մեդալի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, Ղազախստանի և Թուրքմենստանի պետական պարգևների: