Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել ՀՀ ժողովրդավարության օրակարգին սատարելու պատրաստակամությունը, որպեսզի մեր երկրում իրավական կարգավորումները լինեն հնարավորինս կուռ և ամուր:
Նա նաև նծել է, որ Վենետիկի հանձնաժողովն իր գործիքակազմով կաջակցի ՀՀ կառավարությանը, Սահմանադրական դատարանին դատական համակարգի բարեփոխմանը։
Վարչապետն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից է շարունակում մնալ դատական համակարգի բարեփոխումը՝ որպես կարևորագույն ինստիտուցիոնալ ռեֆորմ, և այս համատեքստում կարևոր են արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ շարունակական ջանքերը:
Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի կառավարությունն ակտիվորեն համագործակցում է Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ՝ նպատակ ունենալով շարունակաբար բարելավել ժողովրդավարության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգի կայացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտի որակը: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ԵԽԽՎ-ի հետ գործընկերությունը, որի՝ վերջերս ընդունված բանաձևով արձանագրվում է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների բնականոն ու դրական ընթացքը, ինչպես նաև այն, որ ընտրությունների կեղծման էջը փակվել է: Վարչապետը, կառավարության և եվրոպական կառույցների հետ համագործակցության համատեքստում, հիշատակել է նաև ՄԻԵԴ-ի հետ հետևողական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի ուղղությամբ:
Հանդիպմանն արծարծվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցեր ևս:
Երկուստեք ընդգծվել է ռեֆորմների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունը վճռական է բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում և այդ ճանապարհին կարևորում է Եվրոպայի խորհրդի և եվրոպական կառույցների օժանդակությունը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հունիսի 8-ին ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում կարևորել է Վենետիկի հանձնաժողովի նորընտիր նախագահի պաշտոնական այցը Հայաստան և գնահատել կառույցի հետ արդյունավետ համագործակցությունը: Անդրադարձ է եղել նորաստեղծ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին:






