AM
2 July 2002 - 14:19 AMT

ԵԽԽՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Օգոստոսի վերջին Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի Մոնիտորինգի հարցերով կոմիտեի անդամները, տարածաշրջանային այցի շրջանակներում, կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` տվյալ որոշումն ընդունվել է հայկական կողմի առաջարկությամբ, այն բանից հետո, երբ ադրբեջանական պատգամավորները կրկին բարձրացրել են հակահայկական հիստերիա: Ռուստամյանը տեղեկացրել է, որ Մոնիտորինգի հարցերով կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատգամավորները ներկայացրել են փաստաթուղթ, որտեղ պաշտոնական Երեւանը մեղադրվում է ղարաբաղյան հակամարտության հրահրման մեջ: Ռուստամյանը նշել է, որ ադրբեջանական պատվիրակությունը Մոնիտորինգի հարցերով կոմիտեին դիմել է խնդրանքով` ուղարկել տվյալ փաստաթուղթը Վենետիկյան հանձնաժողովի դատին, որպեսզի վերջինս ուսումնասիրի ներկայացված փաստերը եւ դատապարտի պաշտոնական Երեւանը «ոտնձգության մեջ»: Իր պատասխան ելույթում Արմեն Ռուստամյանն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության քննարկումը չի մտնում ԵԽԽՎ Մոնիտորիգի հարցերով կոմիտեի իրավասությունների մեջ: «Եթե Կոմիտեն որոշի լրջորեն զբաղվել ղարաբաղյան հիմնախնդրով, ապա հայկական պատվիրակությունը պատրաստ է ներկայացնել փաստացի ապացույցներ, որ ղարաբաղյան հակամարտության սանձազերծման մեջ մեղավոր է հատկապես ադրբեջանական կողմը»,- ընդգծել է հայ խորհրդարանականը: Ռուստամյանն առաջարկել է Մոնիտորինգի հարցերով կոմիտեի անդամներին այցելել Լեռնային Ղարաբաղ եւ տեղում ծանոթանալ իրավիճակին: Ադրբեջանի եւ Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգի վերջնական զեկույցը կներկայացվի սեպտեմբերի 10-ին Փարիզում կայանալիք Մոնիտորիգի հարցերով կոմիտեի նիստում: Եվ արդեն ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի ընթացքում զեկույցը կքննարկվի եւ կհաստատվի եվրոպական խորհրդարանականների կողմից, նշել է նա:

Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: