AM
9 June 2022 - 08:10 AMT

Ֆասթ Կրեդիտը շարունակում է աջակցել մշակույթային կենտրոնների զարգացմանը

Հայ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծած Արամ Խաչատրյան համերգասրահն իր գործունեության ամբողջ ընթացքում հյուրընկալել է համաշխարհային հռչակ վայելող մենակատարների և նվագախմբերի, ինչը ենթադրում և պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ և գեղեցիկ դահլիճ, այլև վերանորոգված և ներկայանալի ենթակառուցվածքներ՝ ի թիվս սանհանգույցների։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը նույնպես ունի արտասահմանյան հռչակավոր երաժիշտներին, ինչպես նաև մշտական հանդիսատեսին պատշաճ պայմաններում հյուրընկալելու խնդիր՝ կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մշտապես տեղի են ունենում բազմաթիվ համերգներ, փառատոներ, հոբելյանական երեկոներ և իհարկե երգեհոնային համերգներ:

Երկու շենքերի սանհանգույցների վերանորոգումն իրականացվում է հայկական ոճով՝ օգտագործելով բացառապես հայկական քարեր՝ չխախտելով շենքերի ընդհանուր ճարտարապետական տեսքը: Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։ Այս նախագծերը լուծելու են նաև այդ խնդիրը:

Շինարարական աշխատանքները սկսված են և սանհանգույցները շուտով կհանձնվեն շահագործման:

Ֆասթ Կրեդիտի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը մշտադիտարկման տակ է պահում Հայաստանի մշակութային ոլորտը և աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: