«Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում ասուլիսին անդրադառնալով Բերձորը հանձնելու մասին շրջանառվող լուրերին, ասել է, որ եթե այն հանձնենք, մեր գազի և էլէներգիայի կոմունիկացիաները կհայտնվեն ադրբեջանցիների ենթակայության տակ:
Ադրբեջանը դեպի Ստեփանակերտ շրջանցող ճանապարհ է կառուցում է, որը 2-3 ամիս հետո պետք է շահագործման հանձնվի։ Ադրբեջանում հրապարակել են նոր ճանապարհի շինարարության լուսանկարները, որով Հայաստանը կապ կունենա Ստեփանակերտի հետ։
«Այսինքն` ամբողջովին կախման մեջ ենք գտնվելու թշնամուց, և Արցախը հայաթափվելու է»,- ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։
Սաղաթելյանը նշել է, որ եթե այդ ճանապարհը հանձնվի շահագործման, ամբողջությամբ կորցնում ենք Բերձորի շրջանը, Աղավնոն, հայկական որոշ գյուղեր։
Լաչինի միջանցքն անցնում է Բերձոր և Աղավնո բնակավայրերով, որոնք, ենթադրաբար, նոր ճանապարհը շահագործման հանձնելուց հետո, անցնելու են Ադրբեջանին։
«Սա այս օրերի ամենակարևոր խնդիրն է։ Իրականում ինչ է կատարվում. Ադրբեջանի կողմից այլընտրանքային ճանապարհ է կառուցվում, որի հետ կապված, կարծես, Փաշինյան-Ալիև դավադիր համաձայնություն կա, որ մենք կորցնելու ենք Բերձորի ճանապարհը։ Այսինքն` դեպի Ստեփանակերտ կառուցվում է շրջանցող ճանապարհ, որը 2-3 ամիս հետո պետք է շահագործման հանձնվի»,– ասել է Սաղաթելյանը։
Նա նշել է, որ հաջորդ հանրահավաքին մանրամասն հանդես կգան ելույթով։
2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ կողմերի համաձայնեցմամբ, առաջիկա 3 տարում կորոշվի ՀՀ-ն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ռուս խաղաղապահ զորախմբի հետագա վերատեղակայմամբ, այդ երթուղում պահպանությունն ապահովելու նպատակով։






