AM
10 Հունիս 2022 - 14:56 AMT

Փաստաբան. Բագրատ Եսայանը ձերբակալված է, հավանաբար` կալանքի միջնորդություն կներկայացվի

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը ձերբակալված է, հավանաբար, կալանքի միջնորդություն կներկայացվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38 ֊ 225 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով և 164 ֊րդ հոդվածի 1 ֊ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։

Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- գրել է Եփրիկյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին բերման են ենթարկել իր իսկ աշխատասենյակից: