«Դիմադրություն» շարժման կազմակերպիչներից, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հունիսի 14-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում ելույթում հայտարարել է, որ վրանների հեռացումը հրապարակից չի նշանակում, թե պայքարն ավարտվում է։ Նա հավելել է, որ պայքարը շարունակվում է և շարժումը պետք է ճյուղավորվի և տարածվի։
Խոսելով շարժման անցած ուղու արդյունքների մասին՝ Սաղաթելյանն ասել է, որ շարժումն առնվազն կանխեց նոր կապիտուլյացիայի ստորագրման ժամանակացույցը և վերջնականապես փակվեց այն հարցը, թե Հայաստանի և Արցախի անվտանգությունը հանրության լայն շերտերին չի հետաքրքրում։
«Ձևավորվել է ազգային գաղափարի շուրջ լայն համախմբում՝ հանրային տարբեր շերտերի ու շրջանակների աջակցությամբ։ Միջազգային հանրությունը հասկացավ, որ կա ժողովուրդ, որին չի կարելի ցանկացած լուծում ու զիջում պարտադրել։
Արձանագրվել է, որ օրվա իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։ Սաղաթելայնը նշել է, որ նպատակը նույնն է՝ կանխել Արցախի հայաթափումն ու Հայաստանի թրքացումը, չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները, իսկ այդ ամենին հասնելու համար պետք է հեռացնել գործող իշխանություններին»,-ասել է Սաղաթելյանը։
Խոսելով անելիքների մասին՝ Սաղաթելյանը նաև ասել է, որ առաջիկայում պայքարի համար նոր գործիքակազմ կավելանա, քանի որ օգոստոսի 2-ին լրանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին և նրան պաշտոնից հեռացնելու նոր հնարավորություն է առաջանում։
Սաղաթելյանը հավելել է, որ դա լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջում, ինչպես պաշտոնանկության իրավական, քաղաքական հիմքերի ամբողջացման, այնպես էլ ժողովրդի կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման առումով։
Հունիսի 15-ի առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ազատել են վրաններից Երևանի Ֆրանսիայի հրապարակը։ «Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում․ այդ օրվանից հրապարակը փակ է երթևեկության համար:
Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։






