AM
15 Հունիս 2022 - 08:56 AMT

Տոնոյան․ Հպարտ եմ` կառավարության անդամ լինելով, չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է

Կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, փաստաբանական խմբի միջոցով արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանին, հայտարարել է՝ հպարտ է, որ, կառավարության անդամ լինելով, չի եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է:

«Տեղեկացա, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ մեկնաբանելով «Պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, խոսել է այն մասին, որ պաշտպանության նախարարը պետք է պարտադիր Նիկոլ Փաշինյանի թիմակիցը լինի և բառացի ասել է. «էս պատերազմի ժամանակ, որ մենք տանուլ տվեցինք, հիմնական խնդիրներից մեկն այդ էր, որ իր թիմից չէին, որ կազմակերպված ձևով, մենք գիտենք ինչ ձևով փախուստներ կազմակերպեցին»:

Այս առիթով մի քանի շեշտադրում կանեմ.

1. Այն փաստը, որ Գագիկ Մելքոնյանը նախկինում բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել ՊՆ-ում, ամենևին չի նշանակում, որ նա ունի պաշտպանական ոլորտի կազմակերպման անհրաժեշտ մասնագիտական որակներ պատերազմի արդյունքի մասին եզրակացություններ անելու համար:

2. Հպարտ եմ, որ Կառավարության անդամ լինելով՝ չեմ եղել մի «թիմում», որի անդամներից մեկը Մելքոնյանն է:

3. 2022թ. ապրիլին սպառիչ պատասխան եմ տվել այն հարցին, թե ինչու ինձ «քաղաքական թիմի» անդամ չեմ համարել և ինչով էր պայմանավորված իմ որոշումը՝ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու մասին:

4. Գագիկ Մելքոնյանի հայտարարությունները միայն հաստատում են իմ կասկածները ԱԺ «Քննիչ հանձնաժողովի» իրական նպատակների մասին:

5. Իմ խորին համոզմամբ, պաշտպանության նախարարը, հանդիսանալով Կառավարության անդամ և քաղաքական պատասխանատվություն ստանձնելով պաշտպանական ոլորտում Կառավարության ծրագրերի իրականացման համար, այնուամենայնիվ, պետք է դուրս լինի «քաղաքական-կուսակցական թիմի» տրամաբանությունից»,-ասվում է Դավիթ Տոնոյանի հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ ինչ վերաբերում է կառավարության կողմից Ազգային ժողով ուղարկված ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա դրա վերաբերյալ իր մասնագիտական կարծիքը կհայտնի հետո՝ մոտ ժամանակներս։