«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը կարծում է, թե ընդդիմությունը ազատել է Ֆրանսիայի հրապարակը, քանի որ տեսել են՝ չեն հասնում այն արդյունքին, որին ուզում էին՝ իշխանափոխություն:
ՔՊ-ական պատգամավորը համաձայն է այն թեզի հետ, որ պարտված ղեկավարը պետք է հեռանա, բայց, նրա խոսքով, հիմա իրավիճակն այնպիսին է, որ իրենք չեն պարտվել, կամ՝ պարտությունը միայն իրենց մեղքով չէ, հայտնում է Aysor.am-ը։
«Հետևաբար, այդ թեզը չի աշխատում: Ընդդիմադիր մեր գործընկերներն անհանգստացած էին իշխանության կողմից վարվող քաղաքականությամբ։ Այդ անհանգստությամբ դուրս եկան ժողովրդին իրազեկելու, ժողովուրդը չանսաց, դա նշանակում է, որ ժողովուրդը վստահում է իշխանության վարած քաղաքականությանը»,- ասել է Աղազարյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում։
Նա հավելել է, որ ի պատիվ ընդդիմադիր որոշ գործընկերների սառնասրտության, ի պատիվ իրավապահ մարմինների ճշգրիտ գործունեության ու նաև իշխանական թիմի հետևողական մոտեցման՝ միասնաբար, որպես ազգ, նորից դուրս ենք գալիս ճգնաժամային իրավիճակից։
Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի հարցին, ապա իշխանական պատգամավորը վստահեցրել է, թե առանց արցախցների որևէ քայլ չի կատարվելու այս հարցում, հայտնում է Sputnik Արմենիան։
Աղազարյանը նշել է նաև, որ միջազգային հանրությունը չի պարտադրել ՀՀ-ին, որ նշաձող իջեցնի ԼՂ կարգավիճակի հարցում, այլ միայն առաջարկել է։
«Ես կիսում եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն տեսակետը, որ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչումը նշանակում է պատերազմ հայտարարել Ադրբեջանին, ինչպես նաև փակել բանակցային դռները։ Միանշանակորեն կիսում եմ այս տեսակետը»,-ասել է Աղազարյանը։
Նա ամփոփել է` ասելով, որ կարմիր գծով բանակցության գնալ չես կարող։
Հունիսի 15-ի առավոտյան «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ազատել են վրաններից Երևանի Ֆրանսիայի հրապարակը։ Այդ մասին հունիսի 14-ի երեկոյան հանրահավաքում հայտարարել էր «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ պայքարն ավարտվում է։
Նա հայտարարել, է, որ ամեն շաբաթ այդ հրապարակում հանրահավաքներ են անցկացվելու, մոտական՝ հունիսի 18-ին։ Նա նշել է, որ կանցկացվեն նաև իրազեկման երթեր։ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, սակայն, չեն դադարեցնում վրանային ակցիան և իրենց վրանները տեղափոխել են Ազատության հրապարակ։
«Դիմադրություն» շարժման մասնակիցները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում․ այդ օրվանից հրապարակը փակ է երթևեկության համար:Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։






