AM
16 Հունիս 2022 - 08:46 AMT

Առաջարկ ԿԳՄՍՆ-ից՝ վերանայել տարկետման տրամադրման կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութունը նախագիծ է դրել շրջանառության մեջ՝ առաջարկելով վերանայել տարկետման տրամադրման կարգը։

Նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործմամբ, արդյունավետության բարձրացմամբ և պարզեցմամբ:

Նախարարությունը կարծում է, որ 2018-ից գործող կարգավորման մեջ նշված նվաճումը նշանակալի համարելը վիճահարույց է, քանի որ նշված կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր և ըստ ոլորտների տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված նման լայն շրջանակով ուսումնական հաստատություններում ընդունվել և սովորելը այնպիսի նվաճում չէ, որը որպես նշանակալի կարելի է դիտարկել կարգի տեսանկյունից:

2018 թվականին բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման կայքում սահմանված է եղել երկու տեսակի վարկանիշներ՝ աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects): Որպես նվաճում համարվել է երկու ցանկերում էլ ներառված բուհերում սովորելու հանգամանքը: Սակայն որևէ ձև հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը, և դա միայն նշված ռեյտինգավորման ցանկից:

Նշվում է, որ շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզուների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:

Նշված կարգավորումը հստակեցնում է բուհերի ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից, իսկ նոր համակարգի ներդրմամբ տարկետման գործընթացը ավելի ընդգրկուն կլինի՝ ներառելով նաև արտասահմանյան լավագույն բուհերը:

Ըստ ԿԳՄՍՆ-ի առաջարկի՝ կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկերի» արտահայտությունը, քանի որ նույն կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ, որի պատճառով հնարավոր չի լինում առաջնորդվել «տվյալ տարվա ցանկերով» կարգավորումով, ինչը համարվում է կարգի խախտում, բացի այդ, հետագայում կարգի կիրառման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս:

Նախարարությունը կարծում է, որ «բացառիկ նվաճում պետք է համարել այնպիսի ձեռքբերումները, որոնք ուղղված կլինեն ՀՀ կրթագիտական ոլորտի զարգացմանը»։

Ընդունվելու դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2023-ի մարտի 1-ից: