AM
23 Հունիս 2022 - 08:38 AMT

ՀՅԴ-ականներ Մխիթարյանն ու Ալեքսանյանն ազատ են արձակվել գրավի դիմաց

Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են։ Նրանք ազատ են արձակվել գրավի դիմաց։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

«Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական, իսկ իրականում քաղաքական հետապնդում էր սկսվել պրոիշխանական Մեդիա Նյուզ/Media News կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում»,-ասվում է գրառման մեջ։

Արամայիս Մխիթարյանը և Ալեքսան Ալեքսանյանը 2 ամսով կալանավորվել էին մայիսին։ Նրանք բերման էին ենթարկվել ՀՅԴ Արմավիրի գրասենյակից, որտեղ խուզարկություն էր իրականացվել։ Նրանք կալանավորվել էին ընդդիմության հավաքներին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու մեղադրանքով։