AM
23 Հունիս 2022 - 10:20 AMT

Հուլիսի 1-ից կգործեն Սևանի հանրային լողափերը

Հուլիսի 1-ից Սևանա լճում գործելու է 3 հանրային լողափ։

«Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերում ակտիվ ընթացքի մեջ են լողափնյա սեզոնի նախապատրաստական՝ կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Հանրային լողափերում կգործեն հետևյալ անվճար ծառայությունները՝ ավտոկայանատեղի, շվաքարաններ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, խաղահրապարակներ։

‌Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն, գործելու են բուժկետեր և ապահովվելու է հասարակական կարգի պահպանությունը։

**Հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։**

Լողափերի հասցեներն են՝

N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1․39 հա),

N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1․82 հա),

N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)։