Հունիսի 23-ին՝ ժամը 19։44-ից սկսած, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Աջափնյակ, Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վնասվել են շինությունների տանիքներ, կոտրվել ծառեր և պոկվել էլեկտրական լարեր, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Ուժեղ քամու հետևանքով Ազատամարտիկների փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է բակ՝ վնասելով էլեկտրալարերը։ Տան տանիքն ամբողջությամբ (140 քմ) պոկվել է՝ մի հատվածն ընկել է բակ, վնասել գազատար խողովակը՝ առաջացնելով գազի արտահոսք, իսկ մյուսը՝ հարևանությամբ գտնվող տան տանիքի, պարիսպի (տանիքից 3 քմ և պարիսպից 5 քմ հատվածները վնասվել են) և մոտակայքում կայանած «Opel» (վարորդ՝ Ե. Ա.) ու «Ford» (վարորդ՝ Ա. Խ.) մակնիշների ավտոմեքենաների վրա։
Փրկարարներն ապամոնտաժել են վնասված տանիքը, դադարեցրել գազի արտահոսքը և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության և էլեկտրական ցանցի աշխատակիցների մոտենալը։
Փրկարարներն իրականացրել են տանիքների վնասված կառուցատարրերի ամրացման, ապամոնտաժման, տարածքների սահմանազատման, ծառերի մասնատման և ջրահեռացման աշխատանքներ. զոհեր և տուժածներ չկան:






