AM
24 Հունիս 2022 - 11:18 AMT

‌Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում՝ կապված «թափանցիկության կորստի հետ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում։ Դա հաստատել է նրա գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Նախագահ Քոչարյանը հրաժարվել է ընդգրկվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում՝ կապված հիմնադրամի կողմից վերջին ժամանակահատվածում ֆինանսական թափանցիկության, վստահելիության և հաշվետվողականության կորստի հետ»,-փոխանցել է նա։

44-օրա պատերազմի ժամանակ «Մենք ենք, մեր սահմանները» խորագրով համազգային դրամահավաք-արշավի ժամանակ հավաքագրված միջոցներից ավելի քան 52 միլիարդը փոխանցվել էր պետական բյուջե։

2020-ի նոյեմբերի 18-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չեն, մի մասը պատերազմի ընթացքում նվիրաբերվել էր ՀՀ կառավարությանը։ Այս հայտարարությունը շահարկումների առիթ էր դարձել, և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» հիմնադրամի հասցեին։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին։ Այս կառույցը հիմնադրվել է մի նպատակով` ստեղծել համահայկական ցանց, իրականացնել Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումն ապահովող ծրագրեր։