Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրության հարցով ԲԴԽ խորհրդի կազմի անդամներից հանձնախումբ է ձևավորվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
«Խորհրդի կազմի անդամներից ձևավորվել է հանձնախումբ, 5 անձ միացել է այդ հանձնախմբին։ Խնդրել ենք Վարդազարյանին, որպեսզի նա մեզ տրամադրի ամբողջական, մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որ ամբողջական և ադեկվատ գնահատական տրվի այդ հարցազրույցին, խոսակցության մասնակիցների արտահայտություններին, այսինքն` կարողանանք համապատասխան եզրակացության գալ»,- ասել է Խաչատուրյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` եթե ԲԴԽ-ն որևէ նյութ է պահանջում, ապա գործով կողմը չի կարող որևէ պայմաններ առաջադրել։ Խաչատուրյանը նշել է, թե ձայնագրության հարցով, քննարկվող թեմաներով բոլոր վարկածները պետք է օբյեկտիվ ու բազմակողմանիորեն քննվեն քննչական մարմնի կողմից։
Իսկ հարցին, թե ինչպես կգնահատի ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի արտահայտությունները, թե այսինչ քրգործը կարճել կտա, այնինչը` ևս, Խաչատուրյանը պատասխանել է, որ դա համարում է որպես գոյություն ունեցող վարկածներից մեկը։
«Ջհանգիրյանն ասել է այն, ինչ ասել է, և ես դա գնահատում եմ որպես իրադրության մեկ այլ վարկած, թե ինչու է այդպես ասվել։ Իսկ թե որ վարկածն է իրականությանը համապատասխանում, իրավապահները կորոշեն»,-ասել է նա։
Նրա ունեցած տեղեկություններով` նախաքննական մարմինը չի դիմել ԲԴԽ, որպեսզի Ջհանգիրյանը բացատրություն տա։ Իսկ ինչ վերաբերվում է Ջհանգիրյանի հրաժարականին, ապա Խաչատուրյանը պարզաբանել է` ինքը լուրեր չունի, որ Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական տալ։
Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ և խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։
ԲԴԽ-ն դադարեցրել է կառույցի նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Որոշումը հրապարակվել է ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը:






