Բուհերի ընդունելության երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 4-9-ը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով` հաստատվել են միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունների օրերը` ըստ առարկաների:
– «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն»- հուլիսի 4
– «Օտար լեզուներ» (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պարսկերեն) – հուլիսի 5
– «Հայոց լեզու և հայ գրականություն» – հուլիսի 6
– «Մաթեմատիկա» – հուլիսի 7
– «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» – հուլիսի 8
– «Քիմիա», «Ռուսերեն» – հուլիսի 9:
Երկրորդ փուլի միասնական քննությունները կազմակերպվում են Երևանում։
Բուհերի ընդունելության երկրորդ (լրացուցիչ) փուլի դիմում-հայտերի ընդունելությունը մեկնարկել է հունիսի 26-ից և կշարունակվի մինչև հուլիսի 1-ը` ժամը 17:00-ն ներառյալ:
Առցանց եղանակով ընդունելության քննություններ և մասնագիտություններ կարող են հայտագրել՝
– օտարերկրացիները և երկքաղաքացիները,
– օտարերկրյա ուսումնական հաստատություններն այս ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
– 2022-ի ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող քաղաքացիները,
– առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
Առցանց եղանակով նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել նաև հիվանդության պատճառով քննությունն ընդհատած դիմորդները։ Հարգելի պատճառով առաջին փուլի ընդունելության քննությանը չմասնակցած դիմորդները նույն ընդունելության քննությունը կարող են հայտագրել ԳԹԿ-ում։
Հայտագրման առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդները կարող են հայտագրվել ԳԹԿ-ում՝ նշելով միայն ընդունելության քննությունները: Նրանք մասնակցելու են թափուր մնացած տեղերի մրցույթին։






