AM
27 Հունիս 2022 - 14:32 AMT

Գործարկվել է անձնագրային և վիզաների վարչության կայքը, հերթերը կանոնակարգող սարքավորումներ են դրվել

Հունիսի 27-ից գործարկվել էոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պաշտոնական կայքը, որի հիմնական նպատակը անձնագրային և վիզաների վարչության գործունեության վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացումն ու ոլորտին վերաբերող տեղեկատվության ամբողջական ներկայացումն է։

Կայքը հնարավորություն է ընձեռում արագ փնտրել ու ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝ ԱՎ վարչության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների գործառույթների, տեղակայման հասցեների, հեռախոսահամարների, մատուցվող ծառայությունների, ծառայություններից օգտվելու համար օրենսդրությամբ սահմանված ձևաթղթերի նմուշների, վարչության գործունեության ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև հետևել քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումների ընթացքին։

Կայքի «Կապը մեզ հետ» բաժինը այցելուներին հնարավորություն կտա հասցեագրել նամակներ և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն, պարզաբանել իրենց հուզող հարցերը ինչպես իրավական կարգավորումների, այնպես էլ ԱՎՎ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։

Կայքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։

Մյուս կարևոր բարեփոխումը հերթերը կանոնակարգող սարքավորումների տեղադրումն է՝ սարքավորումները տեղադրվել են Երևանի անձնագրային բոլոր ծառայություններում, մարզկենտրոններում և առավել ծանրաբեռնված ստորաբաժանումներում։

Տերմինալների տեղադրումը հնարավորություն է ընձեռել թեթևացնել և կանոնակարգել ԱՎ վարչության հերթերը, նպաստել քաղաքացիներին արագ և որակյալ ծառայությունների մատուցմանը, վարչության գործառույթների արդյունավետ կազմակերպմանը, ստորաբաժանումների գործունեության պատշաճ կառավարմանն ու վերահսկողությանը: ‌