Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Ազգային ժողով կվերադառնան իրենց օրակարգի համաձայն։ Թե որն է այդ օրակարգը, Օհանյանը չի հստակեցրել, տեղեկացնում է «Ազատությունը»։
«Դա ի՞նչ է նշանակում, եթե փողոցում չեք, դահլիճում չեք, ոմանք արդեն հրաժարվում են պաշտոնից, մանդատից խորհրդարանում, էդ օրակարգը ո՞րն է, պարոն Օհանյան, մեծամասնությունն է օրակարգ հաստատում»,-հարցրել է լրագրողը։
«Պաշտոններից և մեկ հոգի մանդատից հրաժարվել է։ Դա, կարծում եմ, ընդհանուր մեր «Դիմադրության» շարժման հետ կապ չունի, կամ այնքան կապ ունի, որ «Դիմադրության» շարժման մասնակիցները, երբ ժողովրդի հետ են, փողոցում են, նրանց մի մասին զրկել են Ազգային ժողովի պաշտոններից, դրա համար մնացածը հրաժարական տվեցին՝ ասելով որ պաշտոնները մեզ համար ինքնանպատակ չեն»,-ասել է Օհանյանը։
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Վահե Հակոբյանն ու Էլինար Վարդանյանը ևս մտադիր են վայր դնել մանդատները՝ Օհանյանն ասել է, որ, իր կարծիքով, իրականությանը դա չի համապատասխանում։
«Իմ հետ այդպիսի քննարկումներ տեղի չեն ունեցել։ Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանին, ինքը մեր թիմի անդամ է եղել և այսօր էլ մեր թիմի անդամ է։ Անկախ այն բանից, թե ինքը խմբակցությունից դուրս է գալիս, ինքը «Դիմադրության» շարժման մասնակից է լինելու, և մեր հիմնական «Դիմադրության» շարժման խնդիրն այն է, որ անփորձ իշխանությունները պետք է հեռանան»,-ասել է նա։
Անդրադառնալով ապօրինի գույքի մասին իրավապահների հայտարարություններին՝ Օհանյանը պնդել է՝ ապօրինի և անօրինական որևիցե գույք ձեռք չի բերել։
«Ազգային ժողովի ամբիոնից թող չհոխորտան, որևիցե մի բան ինձ չի պատկանում, դատական խնդիրներ կան, թող դատարանը որոշի, ես որևիցե մի բան վախենալու չունեմ»,-ասել է նա։






