Սյունիքում 2 ՔՈԱՖ սմարթ կենտրոն կբացվի՝ Կապանում և Գորիսում։ Այդ հարցը, ինչպես նաև ՔՈԱՖ-ի կրթական մոդելի` այդ մարզում կիրառումը քննարկել են ԿԳՄՍ փոխնախարարներ Ժաննա Անդրեասյանի և Արթուր Մարտիրոսյանի հանդիպմանը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և ID բանկի ներկայացուցիչների հետ:
Անդրեասյանը ներկայացրել է Կապան խոշորացված համայնքի գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման փորձնական ծրագիրը:
ՔՈԱՖ-ի աջակցությունը կլինի հետևյալ ուղղություններով՝ տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունը համատեղելու և հասանելի դարձնելու համար, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունից ոչ ֆորմալ կրթություն իրականացնող ուսումնական կենտրոն սովորողների տեղափոխման համար: Եվ երկրորդ՝ հանրակրթության նոր չափորոշիչների ներդրման աշխատանքներ՝ Սյունիքի մարզի գյուղական համայնքների ուսումնական հաստատություններում անգլերենի և ԲՏՃՄ առարկաների դասավանդման բարելավման ուղղությամբ՝ ներառյալ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները:
ՔՈԱՖ-ի ներկայացուցչի խոսքով՝ այս ընթացքում Սյունիքում իրականացվել է գնահատման գործընթաց՝ առկա մարտահրավերները և խնդիրներն արձանագրելու տեսանկյունից: Նա գոհունակությամբ փաստել է՝ առկա է բավականին լավ առաջընթաց և արդյունավետ համագործակցություն ծրագրի մասնակիցների միջև:
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առաջիկա տարիների համար կրթության ռազմավարության գերակայություններից է ամբողջ հանրապետությունում ունենալ որակյալ և հասանելի կրթություն՝ անկախ բնակավայրից, և դա ոչ միայն շենքային պայմաններն են, այլ նաև՝ կրթության բովանդակությունը: Այս համատեքստում փոխնախարարը մատնանշել է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության հարցը՝ ընդգծելով, որ այս երկու բաղադրիչները պետք է լինեն իրար համահունչ և փոխլրացնող, ինչպես նաև հասանելի բոլոր երեխաների համար:
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Սյունիքում իրականացվող փորձնական ծրագիրը հաջողելու դեպքում այն կտարածվի ամբողջ հանրապետությունում:
Փոխնախարարը նաև ներկայացրել է Կապան խոշորացված համայնքում իրականացվող ծրագրի շրջանակում աշակերտների և ուսուցիչների համար տրանսպորտային ծառայությունների մատուցման միասնական լուծումներ գտնելու հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծրագրի այլ մանրամասներ:
ՔՈԱՖ ՄԱՐԹ կենտրոն է գործում Լոռիում, ևս մեկը բացվելու է Արմավիրում։
Մինչ օրս Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն է հաճախել մոտ 3000 երեխա և երիտասարդ՝ ուսանելու այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են արվեստը, երաժշտությունը, լեզուները, ճարտարագիտությունը, ձեռներեցությունն ու աթլետիկան։ Լոռու ՍՄԱՐԹ ավանը, բացի գյուղաբնակ երիտասարդներին կրթական լայն հնարավորություներ ընձեռելը, զբոսաշրջության ու տնտեսական զարգացման կայուն հիմքեր է դրել մարզում՝ շնորհիվ Կոնցեպտ հյուրանոցի, զբոսաշրջիկների համար տեղեկատվական կենտրոն հանդիսացող այցելուների կենտրոնի, ծառերի տնկարանի։ Այս ենթակառուցվածքներին շուտով կմիանա ևս մեկը՝ ՔՈԱՖ ՄԱՐԹ համագումարների կենտրոնը։






